National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.09.2008
Սկսվեց Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյան

Սեպտեմբերի 8-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ Ազգային ժողովի չորրորդ գումարման  չորրորդ նստաշրջանի բացումը: Այնուհետեւ  ԱԺ պատգամավորները քննարկեցին եւ քվեարկությամբ հաստատեցին նստաշրջանի օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված, ԱԺ պատգամավորների հեղինակած 12 օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկումը  մինչեւ 30 օրով հետաձգելու մասին հարցը` այդ նախագծերի գլխադասային` սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի պաշտոնների թափուր մնալու եւ հանձնաժողովում այդ օրինագծերի քննարկված չլինելու պատճառով: Ազգային ժողովը հաստատեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի մյուս բաժինները:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում տեղի ունեցավ երկու փոփոխություն. «Օրինաց երկիր» խմբակցությունը Արտաշես Ավոյանի փոխարեն հանձնաժողովի կազմում առաջարկեց Ստեփան Ասլանյանի, իսկ «Ժառանգություն» խմբակցությունը Անահիտ Բախշյանի փոխարեն` Զարուհի Փոստանջյանի թեկնածությունները:

2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած    իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հանձնաժողովի անդամությունից հրաժարված Լյովա Խաչատրյանի փոխարեն առաջարկեց Սամվել Բալասանյանի թեկնածությունը, ինչը ԱԺ պատգամավորները հաստատեցին քվեարկությամբ:

ԱԺ պատգամավորները քննարկեցին գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված Արմեն Աշոտյանն էր:

Պարոն Աշոտյանը պարտավորեցնող համարեց աշխատանքային լուրջ ավանդույթներ ունեցող հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը, խոսեց հանձնաժողովին վերապահված ոլորտներում առկա անելիքների մասին` հատուկ ուշադրություն հրավիրելով կրթական ոլորտի շարունակական բարեփոխումների  եւ  գիտություն կիրառական ու ներդրումային քաղաքականության հարցի վրա: Նա համոզմունք հայտնեց, որ այս եւ հանձնաժողովին վերապահված մյուս ոլորտների բացթողումները վերացնելու համար  բոլոր պատգամավորների եւ կառավարության համապատասխան գերատեսչությունների հետ օրենսդրության կատարելագործման արդյունավետ  աշխատանք է պահանջվում:

Պարոն Աշոտյանը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին  խոսքի ազատության պատշաճ մակարդակ ապահովելուն, բուհերի ինքնավարության բարձրացմանը, կրթօջախների ապաքաղաքականացմանը, գիտության զարգացման համար անհրաժեշտ ներդրումային քաղաքականությանը, մշակույթի, սպորտի, կրոնի, երիտասարդության հիմնահարցերին:

Ելույթ ունեցողներից Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Նիկոյանը եւ Հովհաննես Մարգարյանը բարձր գնահատեցին թեկնածուի մարդկային, քաղաքացիական ու մասնագիտական կարողությունները` ակնկալելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ Լարիսա Ալավերդյանը մատնանշեցին հանձնաժողովին վերապահված ոլորտների անմխիթար վիճակը եւ դրանց լուծմանը նպաստող օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը: Շիրակ Թորոսյանը կոչ արեց անուշադրության չմատնել ջավախահայության կրթական խնդիրները, որոնք հայապահպանության կարեւորագույն գործոններից են:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը պատգամավորներին հիշեցրեց քվեարկելու կարգի, տեղի եւ ժամանակի մասին եւ հրավիրեց քվեարկության:

Արմեն Աշոտյանը ընտրվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ. քվեարկությանը մասնակցած 82 պատգամավորներից կողմ էին քվեարկել 74-ը, դեմ` 5-ը. անվավեր էր 3 քվեաթերթիկ:

Ազգային ժողովը քննարկեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «յուղական ճանապարհների վերականգնման ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն կազմակերպելու համար փոքրածավալ տեխնիկական օժանդակություն» նամակ-համաձայնագիրը:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու   մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ բանախոսի` օրինագծերի փաթեթով միասնականացվում է համայնքային ծառայության պաշտոնների  խմբերի դասակարգումը ենթախմբերի, որի շրջանակներում համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խումբը  բաժանվում է 3 ենթախմբի, որով հնարավորություն է տրվում ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարներին, սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների ղեկավարներին, ինչպես նաեւ, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարներին նույնպես ընդգրկել գլխավոր պաշտոնների խմբում: Հստակեցվում են համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնների խմբի յուրաքանչյուր ենթախմբում ընդգրկված պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին շնորհվելիք դասային աստիճանները: Համայնքային ծառայության առանձին պաշտոնների համալրվածությունն ապահովելու նպատակով  անցումային հնարավոր լուծումներ են տրվում այդ պաշտոնները զբաղեցնելու համար համապատասխան չափանիշների հարցում, հստակեցվում են համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի,  համայնքային ծառայողների ատեստավորման կազմակերպման եւ անցկացման մեխանիզմները: Համայնքների ղեկավարների աշխատակազմերի  քարտուղարներին վերապահվում են համայնքային ծառայության որոշ պաշտոններում նշանակելու, ազատելու, դասային աստիճաններ շնորհելու, կարգապահական տույժի ենթարկելու եւ խրախուսելու լիազորություններ, միասնական ընդհանրական չափորոշիչներ են սահմանվում համայնքային ծառայողների վարձատրության հարցում, հստակեցվում են համապատասխան աշխատակազմի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության եւ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքը շարունակելու նախապատվության իրավունքի, այդ գործընթացների իրականացման արդյունքում առաջացած նոր պաշտոնների համալրման մեխանիզմները: Նախատեսվում են համայնքային ծառայության կազմակերպման եւ ղեկավարման մարմիններ եւ սահմանվում են վերջիններիս լիազորությունները` համայնքային ծառայության բնագավառում ունեցած մասնակցության  առումով: ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում են կենտրոնացվում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ նախատեսված մի շարք ընդհանրական գործառույթների (կադրային ռեզերվի վարում, համայնքային ծառայողների գրանցամատյանի վարում, ծառայողական քննության անցկացում, մրցույթների եւ ատեստավորումների բողոքարկված արդյունքների քննություն) իրականացումը,  հստակեցվում են համայնքի ղեկավարի աշխատակազմի դերը, աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորությունները: Համայնքի ղեկավարի աշխատակազմի հաստիքացուցակում եւ կառուցվածքում փոփոխություններն ուղղակիորեն կապվում են համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունների կատարման հետ:

Օրինագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական տեսակետը բարձրաձայնեց ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը` տեղեկացնելով, որ հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ իր առաջարկները կներկայացնի առաջին ընթերցումից հետո:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` սեպտեմբերի 9-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am